Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Այս էջը սրբագրված է

միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քարի հարվածից, որ դիպավ նրա ծայրին։ Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից։ Նրա այդ տեսքը մի նոր սարսափ ձգեց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն։ Այդ հանգամանքից էլ օգուտ քաղեց Անահիտը. մի անգամ էլ հարձակվեց քուրմերի վրա և մի քանիսին մահացու վերք տալով գետնին գլորեց։ Հենց այդ ժամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները օրիորդների և տիկինների հետ և իրանց թագուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով, միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա։ Մի րոպե չանցած՝ կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը՝ շրջապատված քաջասիրտ օրիորդներով ու տիկիններով։ Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից։ Անահիտն իջավ ձիուցը ողջ-առողջ, կարգավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գլխին։ Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատե մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել։ Հետո դառնալով դեպի ամբոխը, ասաց. «Եկեք այստեղ կարգով կանգնեցեք հանդարտ, որ տեսնեք ինչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը», և հրամայեց դուռը կոտրտել։

Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև։ Դժոխային որջից դուրս սողացին բազմաթիվ հոգիք, որոնք նոր գերեզմանից հանած դիակների էին նմանում։ Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգնել չէին կարողանում։ Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում։ Ամենից հետո դուրս եկան Վաչագանն ու Վաղինակը գլխները քաշ գցած։ Թագուհին ճանաչեց Վաչագանին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը։ Վաչագանը գնաց Վաղինակի ձեռքից բռնած՝ որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան։ Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո, Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գնան և ամեն բան՝ ինչ կա չկա՝ դուրս տան։ Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ,նոր կտրած գլուխներ,կթոցներով լիքը մարդկաըին լեշեր,մարդամսով լիքը կաթսաներ,զանազան արհեստի գործիքներ և սլարազաներ: