Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Այս էջը սրբագրված է

Մեկ ուզում էր լիակատար ուրախանալ իր սիրելու ազատությունովը,բայց մեկ էլ թվում էր նրան,թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մերթ հարձակողական և մերթ պաշտպանողական դիրք է բռնում։ Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել, հիշելով թե՝ ինչպես էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարդամսով լիքը կաթսաները և նոր արդեն սկսում էր ամբողջ մարմնով զինահարվիլ և զարզանդիլ ու սարսռիլ... Ահի այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս։

Վաչագանր շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան և փափկասիրտ էր։ Գիտեր, որ նա կարող էր վրեժխնդրության հոգվով վառված անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն։ Այս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը։ Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և դուրս գալով վրանից՝ երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր։ Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ, զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց։ Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը։ Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ էր պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար։ Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն. իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն։ Այդտեղ էր Վաղինակը՝ փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուգված։ Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանր իր բոլոր կյանքումր։ Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա կարծում

էր, թե երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում։ Անահիտն էլ ազատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ինքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս։