Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

բացի սրանից իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում։ Նրանք ասում էին.

«Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինեն միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը իր խորհրդավոր թալիսմաններով»:

Կարող եք ուրեմն երևակայել, թե ի՞նչ կլիներ մի ժողովուրդ այնպիսի հոգևորականների օրով, մանավանդ այնպիսի մի թագավորի, ինչպիսին Վաչագանն էր, որ ժողովրդի զավակն էր, նրա հայրն ու եղբայրը։ Ինչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր, և ահա՛ ինչ էր ասում ժողովուրդը Անահիտի մասին։

Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով. նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով և առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով։ Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր։ Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ: Կեցցե՜ Անահիտը, կեցցե հավիտյան»։