Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Այս էջը սրբագրված է

ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որը կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜..

.

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ:

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ, նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, ,վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևիցը վազվըզել:

3

Մի թագավոր որդի չուներ. երազումն ասացին. «Թագավոր, աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»:

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպես գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը գրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։