Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/170

Այս էջը սրբագրված է

նա Արևահատի գլուխը բարձրացնում է, ձեռքը դնում է վրան և հետևյալ օրհնանքը տալիս.

Ոտքիդ տակին վարդեր բացվին,
Չորս կողմդ փովի մանիշակ,
Հարով հասնես քո մուրազին,
Գլխիդ տեսնեմ թագ ու պսակ:
Քո ժպիտը վարդի նման,
Արտասուքդ մարգարիտի,
Ուր որ գնաս, աստված քեզ հե՛տ,—
Օձ ու կարիճ քեզ չըխայթի՚:
Քո խրճիթը պալատ դառնա,
Ողջ սյուները անգին քարից,
Պատ ու հատակ ոսկի, արծաթ,
Աոաստաղը գոհարներից...››

Այսպես օրհնում է Արևամայրը և էլի ուրիշ շատ բաներ է ասում, խրատներ է տալիս,գուշակում է նրա ապագան, ամեն բան առաջուց ասում է և զգուշացնում։ Հետո ասում է' դե վեր կաց, սիրուն Արևահատ, ես քեզ սիրեցի, ես քեզ օրհնեցի, ես քեզ աղոթեցի, որ էլ այսուհետև քեզ մի վնաս չլինի, քո մեկ մազը չպակսի։ Հետո համբուրում է Արևահատին ու ասում.— այս համբուրովս ես քո գեղեցկության վրա իմն էլ եմ ավելացնում. Հետո տալիս է մի փոքրիկ կապոց։ Այդ կապոցի մեջ լինում է մի ձեռք հագուստ։ Բայց ի՞նչ հագուստ, բոլորը անգին քարերով զարդարված ու այնքան էլ նուրբ, այնքան բարակ է լինում, որ հենց իմանաս, ոչ բամբակից է, ոչ մետաքսից, այլ արևի ճառագայթներիցն է գործած։ Ասում է' այս կապոցր ծոցումդ կպահես, մինչև քո հարսանիքի օրը, միայն այն օրր կհագնես։ Ես հիմա գնում եմ, իմ որդին ինձ է սպասում։ Այս էլ ասելուց հետո՝ աներևութանում է, արևն էլ մայր է մտնում։

Այս անցքն այնպես զարմացնում է Արևահատին, որ չի իմանում, քնա՞ծ է, թե արթուն, երազու՞մն է տեսնում, թէ ճշգրիտ։ Զեռը ծոցն է տանում, տեսնում է, որ կապոցր տեղն է. ուրեմն երազումս չեմ, ասում է ինքն իրան և այնքան ուրախանում է, որ բոլոր տխրությունը փարատվում է, ունքերը բացվում, երեսը զվարթանում, քաղցածությունն անցնում։