Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Այս էջը սրբագրված է

Երբեմն դառնում էին ոչխարի հոտեր ու մի լեոնաչափ հովիվ էլ՝ դերանաչափ մի սրինգ բերնին դրած ածում էր:

Երբեմն դառնում էին մեծ-մեծ վրաններ ու նրանց մեջ ներս ու դուրս էին անում վիթխարի հսկաներ։ Երբեմն դառնում էին զորախումբեր ու իրար դեմ պատերազմում։ Այդ լինում էր ավելի փոթորկի ժամանակ, երբ որոտում էր երկինքը, փայլատակում կայծակը, ու ամպերն իրար էին խփվում: Արևամանուկը ոչ միայն չէր վախենում այդ որոտմունքներից, այլ հառա՜ջ, ե՜տ, ա՜ջ, ձա՜խ,միասի՜ն, կարգո՜վ, արա՜գ...

Այսպես բղավում էր հեռվից, մինչև կարկուտը կամ տարափը վրա էր տալիս ու մեր մանուկ զորապետին փախցնում, ձգում քարայրների ու ծառախոռոչների մեջ։ Ինչպես տեսնում եք, մեր Արևամանուկը թեպետ դեռ փոքր էր, հազիվ տասը կամ տասներկու տարեկան կլիներ, բայց շատ սրտոտ էր ու սրամիտ։ Երևում էր, որ ժամանակով մեծ ու երևելի մարդ պետք է դառնա։ Այդպես էին ասում բախտ գուշակողները, այդպես հավատացած էին ամենքը։ Բայց նա այժմ դեռ մի գառնարած էր։

3

Այս ինչ որ ասում եմ, ով է իմ անում, թե մեզանից քանի-քանի տարի առաջ է եղել։ Եթե ասեմ հազար տարի, երկու հազար տարի, երեք հազար տարի, էլի քիչ կլինի։ Այդ հին ժամանակներումը Մասիսի ու Արագածի արանքումը որ հիմա Արարատյան մեծ դաշտն է, ուր որ մեր էջմիածինն է, Երևան քաղաքն է, Երասխ գետն է, Գեզամա ծովն է, ահա այդ գավառումը մի մեծ գյուղ է լինում, Արևա՞ն, թե՞ Արմավան անունով, հաստատ չըգիտեմ, և հատուկ տեղն էլ չեմ կարող ձեզ ասել։ Արմավանի օդն ու ջուրը շատ մաքուր էր ու առողջարար: