Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/180

Այս էջը հաստատված է

4

Ահա այսպես մեր սիրելի Արևամանուկը Արևամանյակ նահապետի որդին էր։

Դեռ յոթը տարեկան հասակում նրա թիկունքն ու կուրծքը այնքան լայն էին ու մեջքն այնքան բարակ, որից երևում էր,որ նա մի փոքր առյուծ էր, որի պեսին մեր հեքիաթներումը ասում են ասլան-բալասի, այսինքն «առյուծի ձագ», կորյուն առյուծի։ Նրա աչքերը խոշոր-խոշոր և կրակոտ էին. երկայն թերթևունքներր մինչև վարի կոպերն էին հասնում, գլխի մազերը խիտ ու երկայն։

Հին ժամանակները մազ ածիլելու սովորություն չունեին բայց խուզում էին ուսերի հավասարությամբ, սանրում էին դեպի ետ ու կապում վարսակալով, այսինքն մի մազակապ ժապավենով։ Արևամանուկի մազերի գույնը հրաշեկ էր, այսինքն կրակի գույն ուներ և փայլում էր ջուղարի նման։ Նա համարվում էր «հրահեր», այսինքն կրակե մազեր ունեցող։ Այդ տեսակ մազեր ունեցողին մեր հեքիաթներումը ասում են ոսկեքաքուլ․ ոսկեքոչոր:

Արևամանուկի մազերը չէին խուզում։ Այդ տեսակ մազեր ում վրա էլ լինում էր, չէին կտրում։ Նա իր մազերը երկու հյուս էր անում և աջ բաժինը դեպի ձախ, ձախինը դեպի աջ տանում, բկովը երկու անգամ պատ տալիս, վզին կապում ու ծայրերը կախ գցում մեջքին։ Նրա համար էր այսպես անում, որ խաղալիս ու վազվզելիս մազերն իրան չխանգարեն։

Երբ որ Արևամ անուկը ծնվում է, նրանից հետո նրա մայրը երկար ժամանակ երեխա չի բերում, այդ պատճառով նրան յոթը տարի շարունակ ծիծ է տալիս և ծծից չի կտրում։ Ամբողջ օրը խաղում էր Արևամանուկը, բայց հենց որ ճաշելու ժամանակը գալիս էր, նա առաջ մի նախաճաշիկ էր անում մոր ծծովը ու հետո ճաշն ուտում. մեկ էլ ճաշելուց հետո էր վրա ընկնում մոր ծծին ու բերանը քաղցրացնում. գիշերն էլ մոր ծոցումն էր քնում և ամեն զարթնելիս՝ ծիծը բերանն էր առնում:

— Բավական է, որդի, էլ ի՞նչ կա, որ ի՞նչ ծծես,ծծերս