Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Այս էջը սրբագրված է

5

Արևամանուկն արդեն դառել էր տասնհինգ տարեկան, բայց իր ծնողների հսկողությունիցը դեռ չէր ազատվել։ Նրա ընկերներից որը տավարած էր, որը հովիվ, որը եզնարած էր, որը հոտաղ, բայց նրան միայն գառներն էին պահ տալիս, այն էլ միայն գարունքը, իսկ մնացած ժամանակ տանիցը չէին դուրս թողնում։ Չէին դուրս թողնում, որովհետև գիտեին, որ նա ոչ մի տեղ հանգիստ չի մնալ, իր ուժը կփորձի ամեն բանի վրա ու փորձանքի մեջ կընկնի։ Բայց որքան շատ էին զսպում նրան ու հսկում վրան, նա այնքան ավելի էր ցանկանում վազել, ընկնել անտառները, ձորերը, բան տեսնել, բան շինել, իր պարսատիկն ու նետաղեղը փորձել։ — Մայրիկ, ինձ ուղարկեցեք տավար,— աղաչեց նա մեկ անգամ իր մորը։— Ես ավելի լավ տեղեր կտանեմ արածացնելու, կովերն էլ ավելի կաթ կտան և շուտ չեն ցամաքիլ: — Ի՞նչ հարկավոր է, որդի,— պատասխանում է մայրը։ —Մենք այնքան տավար չունինք, որքան պահողներ ունինք. նրանք էլ լավ գիտեն, թե որտեղ պետք է արածացնեն։—Բայց ես, մայրիկ, մինչև ե՞րբ պետք է տանը պարապ մնամ ու երեխանց հետ խաղամ։ Աղջիկ էլ չեմ, որ բուրդ գզեմ, գուլբա անեմ, իլիկ մանեմ։ Չ՞է որ ես տղա եմ: Իմ ընկեր տղայքը բոլորն էլ տավար են գնում, ես ինչո՞ւ չգնամ։—Տավարածությունը հեշտ բան չէ, հոգիս։ Տավարը շատ հեռու տեղեր են տանում։ Գող է, գաղան է, ամեն ինչ պատահում է տավարածներին։—Ես էլ հենց դրա համար եմ ուղում տավար գնամ, որ մի քիչ հեռու տեղեր տեսնեմ։ Ինձ ի՞նչ պիտի անեն գողերն ու գազանները։ Բա մեր շներն ինչացո՞ւ են։ Մեր կտրանն ու խեղդանը որ մոտս լինին, էլ ի՞նշ գող, ի՞նչ գազան կմոտենա մեր տավարին։ Չէ՛, մայրիկ, ես պիտի գնամ տավար։ Բայց եթե չթողնեք, ես կփախչեմ, կընկնեմ Մասիսի ձորերը, կերթամ քաջերին կգտնեմ, կասեմ՝ «Եկել եմ ձեզ մոտ, որ ինձ սովորեցնեք լավ ձի հեծնել, նետ ձգել, թուր ու նիզակ գործ ածել»։