Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

— Արմիկ, Մասիսի քաջերը սուր ու թուր չունին, ոչ ձի հեծնել գիտեն, ոչ նետ ձգել։

— Բա էլ ինչի՞ քաջեր են, մայրիկ։

— Հենց նրա համար չունին, որ շատ քաջ են։ Նրանք այնքան քաջ են, որ կարիք չունին զենք ու զրահի։ Այնքան ուժով են, որ ահագին կաղնի ծառը արմատահան կանեն,և այդ կլինի նրանց համար ինչպես մի թեթև մահակ՝ բայց այդ մահակով նրանք հազար ձիավորի պատասխան կտան։ Նրանք ի՞նչ կանեն նետ-աղեղը, քանի որ Մասիսի ստորոտից բլրաչափ Ժայռերը այնպես են շպրտում, որ սարի գլխովն անց են կացնում մյուս կողմը գցում։

— Այդ ի՜նչքան ուժով են, մայրիկ, ով գիտե իրանք էլ ինչ ահագին հսկաներ են։

— Իհարկե, այնքան մեծ-մեծ են, որ նրանց, տակին ոչ թե ձի, այլ ոչ ուղտ և ոչ փիղ կկարենա գիմանալ: Ամեն մինը մի սարի չափ կա։ Երբ որ նրանք դուրս են գալիս իրանց խոր ու մութ այրերից ու որսի հետևից ընկնում, Մասիսի ձորերը դմբդմբում են, ու դաշտերը դողդողում։ Երբ որ նրանք կրակ են անում, որ ճաշ եփեն, ով գիտե քանի՛-քանի գերան են դարսում իրար վրա։ Նրանց խարույկի ծուխն ու ալիքը Մասիսի գագաթիցն է դուրս գալիս ու վրան ամպանում:

— Եթե այդպես է, մայրիկ, նրանց մոտ գնալ չի լինիլ, նրանք ով գիտե մարդ էլ են ուտում։

— Չէ՛, հոգիս, նրանք մարդակեր չեն։ Իմ պապը մեկ անգամ գնացել է նրանց մոտ։ Ես այդ ժամանակը շատ փոքր եմ եղել, ինձ հետո են պատմել: Ասում են, իմ պապը որ գնացել է նրանց մոտ, առաջ հարցրել են, թե դու ով ես, նա էլ ասել է՝ ես Արևազանց ցեղիցն եմ։ Այդ որ լսել են, ասել են. «Որովհետև դու Արևազանց ցեղիցն ես, քեզ վնաս չենք տալ, բայց եթե Վիշապազանց ցեղիցը լինեիր, մեծ կտորդ ականջդ կթողնեինք»։

— Ուրեմն նրանք մեր ցեղին սիրում են, մայրիկ, իսկ Վիշապազանց ցեղին ատո՞ւմ։

— Այո, մեր ու դրանց մեջ կարծեմ մի տեսակ ազգականություն կա: Այժմյան քաջերի մայրը մեր ցեղիցն է եղել: