Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Այս էջը սրբագրված է

Մեկ անգամ, երբ որ Արևամանուկն արդեն լավանալու վրա էր, նրան դուրս բերին տանիցը և տարան մի մեծ ծառի շվաքում պառկեցրին, որ ավելի մաքուր ու զով օդ շնշե։ Մի հասարակ կապերտ փռեցին, վրան մի բարձ դրին. Արևամանուկը կոնեց նրա վրա, իսկ պառավները նստոտեցին նրա բոլորի շուրջ՝ կանաչ խոտի վրա։ Մայրը որդու գլխավերևը նստած՝ շփում էր նրա գլուխը, շտկում, մաքրում էր նրա ոսկեթել մազերը, իսկ պառավները պատասխան էին տալիս Սրևամանուկի ամեն մի առաջարկած հարցմունքին' երկար զրույցով։

— Ա՞խ, ինչպես ուրախ եմ, որ էլի տեսնում եմ Մասիսի երեսը,— ասաց Արևամանուկը և հարցրեց պաոավներից մեկին .— Նանե՛, ինչի՞ցն է, որ Մասիսի գլխի ձյունը չի հալվում ։

— Նրա համար չի հալվում, հոգիս, որ մեծ նավը չբացվի և արևից ու անձրևից չփչանա։ — Այդ ի՞նչ նավ է, նանե, ես չեմ հասկանում: — Դրա պատմությունը երկար է, հոգիս, կարճն այս է, որ մի ժամանակ արարած աշխարհքս ջրով ծածկվել է. միայն մեկ մարդ է ազատվել իրա որդկերանց, իրա կնոջ ու հարսների հետ, և ազատվել է այսպես։ Մի մեծ, խիստ մեծ նավ է շինել. երբ որ ջրերը բարձրացել են, նավն էլ հետն է բարձրացել, մինչև հասել է Մասիսի գլուխը, նրա վրա նստել։ Այնտեղ այնքան մնացել են, մինչև ջրերը ետ են քաշվել։ Հետո դուրս են եկել նավիցը վայր են իջել սարիցը և տեսել որ ինչ էլ երկրիս երեսին ոչ մի մարդ է մնացել, ոչ անասուն ամենքին էլ ջուրը խեղդել, քշել, տարել է։ Այնքան լավ է եղել, որ նա իր հետ վերցրած է եղել ամեն տեսակ օգտակար անասուններ։ Դրանք սկսում են նոր մեկանց շատանալ էլի լցվում է երկիրը թե՛ մարդկևըանցով և թե՛ անասուններով: Ահա այդ Ժամանակ, երբ որ սարիցն իջել են, իսկույն ձյուն է եկել և ծածկել մեծ նավը — Այն մարզի անունն ի՛նչ է եղել, նանե: