Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

քի նախահայրն է, մենակ մերը չէ։ Միայն, իհարկե, մեծ բաժինը մերն է. որովհետև մեծ նավը մեր սարի վրան է, մեծ պապը մեր երկրումն է թաղված. ամենից մոտիկը մենք ենք։ Մենք նրա անբաժան զավակներն ենք, նրա տան բնակիչները. իսկ մյուսները՝ բաժանված, հեռացած։

— Ուրեմն մենք մի ուրիշ նախահայր Էլ ունինք, որ միայն մերն է և ուրիշները նրանից բաժին չունին։

—Ինչե՛ս չունինք։ Ամեն ցեղ իր սեփական նախահայրն ունի, մենք էլ ունինք, և մերն ամենից քաջն է, ամենից ճարտարը։

— Բա ինչո՞ւ ինձ չես պատմել, Նանե:

— Ա՜յ, հիմա կպատմեմ, հոգիս, եթե ուզում ես. և պետք է ուզենաս, որովհետև դու նրանից շատ հեռու չես. շատ, շատ որ հեռու լինիս, պետք է նրա թոռան թոռի թոռը լինիս։ Ուրեմն նրանից մինչև քեզ միայն վեց պորտ է անց կացել:

-Այդ շատ լավ է։ Դե մեկ պատմիր տեսնեմ, նա ինչպե՞ս մարդ է եղել. տեսնեմ ես էլ կարո՛ղ եմ նրա նման դառնա՞լ թե ոչ։

— Իհարկե, նրա նման պիտի լինիս, հոգիս. դեռ պետք է աշխատես նրանից էլ անցնել. և կանցնես, եթե մյուս անգամ խելագարություն չանես, աչքերդ չխփես ու ընկնես վագրի գիրկը։ — Այդ թող, նանե, մարդ որ գժություն չանե, բա ինչպե՞ս կխելոքանա։

— Դե լսիր, հոգիս:

Այստեղ պառավն սկսում է պատմելմեր Հայկ նահապետի պատմությունը՝ մոտավորապես հետևյալ կերպով։ Ասում եմ մոտավորապես, որովհետև պառավն այնքան գեղեցիկ էր պատմում, որ Արևամանուկին թվում էր, թե նրա ասածները բոլորն էլ իր աչքովը տեսնում է. իսկ ես այդ շնորհքը չունիմ:Հուսով եմ միայն, սիրելի երեխայք, որ ինչքան էլ ձանձրալի լինի իմ պատմելուս ձևը, դուք սիրով կկարդաք և շատ անգամ կկարդաք, որովհետև մեր սիրելի նախահոր, մեր պապերի պատված ու պաշտած Հայկ նահապետի պատմությունն է, որ բոլորովին ճշմարիտ է և ոչ թե մի հնարովի հեքիաթ կամ զրույց: