Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

հոր թերը ջոկ,— որ կովերին չծծեն — ձիավորները ջոկ, բեռնավորները ջոկ, կռունկների պես կարգով ճանապարհ են ընկնում ու կամաց֊կամաց, այստեղ, այնտեղ իջնելով, գետերի, աղբյուրների ափերին, կամ արոտներում օրերով հտնգստանալով՝ հասնում են մինչև նոր երկրի սահմանը։ Այդ նոր երկիրն ասվում ում է <<Միջագետք>>, այսինքն՝ գետերի մեջ եղած երկիր։ Այսպես նրա համար է ասվում, որ այն մեծ դաշտը, ուր գնում էին, երկու մեծ գետերի — Տիգրիսի ու Եփրատի — արանքումն էր։

Ահա այդ դաշտի հյուսիսային սահմանի վրա եղած լեռների ստորոտումն են իջնում։ Երկար ժամանակ այդտեղ մնալուց հետո՝ երբ որ լավ ծանոթանում են իրանց գնալու երկրին, վայր են իջնում լեռներիցը և մտնում են դաշտի մեջ։

4

Ճշմարիտ որ այդ դաշտը ամենայն բարությունով լիքն էր: Մարդիկն իրանց մի օրվա աշխատանքը մեկ ամիս հանգիստ նստած վայելում էին։ Բայց այդ հանգստության ժամերը զուր էին անց կացնում, այլ լավ-լավ բաների վրա էին խոսում, մտածում, ուրախություն անում, զվարճանում։ Զանազան տեղերից հավաքված մարդիկը այնքան սիրում էին միմյանց, ինչպես շատ տարի իրար չտեսած, իրար կարոտ քաշած հայր ու որդի, եղբայրներ, քույրեր։ Այնքան միաբան, այնքան սիրով էին, որ՝ ինչպես կասեն՝ գառն ու գայլը միասին էին ա-

րածում։ Մեր պապ Հայկին որ տեսնում են, այնպես են սիրահարվում վրան, որ սկսում են պաշտել։ «ինչպե՞ս կարելի է, ասում են, որ այս հրաշալի պատկերի ու հասակի տերը, այս զարմանալի ճարտարությունն ու քաջությունն ունեցողը մեզ նման մի հասարակ մահկանացու լինի»։ Եվ ճշմարիտ որ՝ մի հասարակ մահկանացու չէր մեր պապը։ Արմիկ ջան,աստված պահի, դու որ մեծանաս, իսկ և իսկ նրա նման կլինիս։ Ամեն քեզ տեսնելիս՝ իսկույն միտս է ընկնում այն բոլորը, ինչ որ լսել եմ մեր պապի գեղեցկության մասին։ Հաստաբազուկ, լայնաթիկունք, բարձրահասակ,