Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Այս էջը սրբագրված է

աչքերը քո աչքերի նման, մազերը, քո մազերի։ Նրա ձգած նետն ու պարսաքարը նշանից վրիպում չի եղել։ Այնքան ուժով է եղել, որ նրա գործ դրած զենքն ու զրահը ոչ ոք չի կարողանում եղել ոչ հագնել և ոչ գործ ածել։ Նրա խելքն ու ճարտարությունն էլ հետո կտեսնես։

Այսպես, ինչպես ասացի, այդ ընդարձակ դաշտի մեջ տարածված բոլոր մարդիկը իրար հետ շատ և շատ սիրով էին ապրում:

Միշտ բոլոր ցեղերի նահապետները հավաքվում են, միասին խորհուրդ անում, և ինչ որ պետք է լինում իրանց երկրի համար, շինում են։ Օրինակ՝ տեսնում են, որ դաշտի ինքնիրան ջրվող մասը օրեցօր քչություն է անում,— որովհետև մարդիկ էլ այդ դաշտի մյուս բերքերի նման սկսում են խիստ առատանալ,— մեծ-մեծ ջրանցքներ ու լճեր են շինում, որ թե ավելի հեռու տեղեր ջրեն և թե' երաշտ տարիներին ջրի պակասություն չկրեն, լճերի ջրովը ջրեն։ Այսպես շատ անապատ ու անջրդի տեղեր են ջրովի շինում և չոր տեղերը' գեղեցիկ ծառաստաններ և այգիներ։

Տեսնում են, որ ճահճուտ տեղեր կան, ցամաքեցնում են, վնասակար գազանները կոտորում են, գետերի ու ջրանցքների վրա անթիվ կամուրջներ են շինում։ Օր չի լինում, որ մի նոր գյուտ չանեն։ Մեկը մի նոր ջրաղաց էր հնարում, մյուսը մի նոր տեսակ սայլ, մեկը գեղեցիկ' կավե' ամաններ է շինում, մի ուրիշը' աղյուս, խողովակներ, ջրմուղներ։ Կանայքն իրանց տանու ձեռագործներն էին սկսում ավելի նրբացնել։ Առաջ որ միայն բրդից ու մազից էին գործվածքներ անում, այստեղ դրանց վրա ավելացնում են բամբակն ու մետաքսը, որոնցից շատ բարակ գործվածքներ էին անում և բարակ էլ հագնում։ Ամեն մի արհեստավոր, թե՛ դարբինը և թե՛ ոսկերիչը, թե հյուսնը և թե՛ որմնադիրը, թե' գինեգործը և թե՛ երկրագործը օրեցօր կատարելագործում էին իրանց արհեստը, օրեցօր մի նոր բան էին հնարում, մի նոր բան ավելացնում։ Այս պատճառով էլ քիչ ժամանակի մեջ անթիվ գյուղեր շինեցին գեղեցիկ աղյուսյա պատերով և ով գիտե քանի-քանի էլ քաղաք—ամուր պարիսպներով, բարձր աշտարակներով, լայն կա մուրջներով: 199