Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Այս էջը հաստատված է

բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով: Տեսավ որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը-եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ, կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց: Շատ չանցավ, ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նեզիր֊վեզիրները։

«Ահա եկան թագավորի սագերը. իրավ որ լավ փետրելու թռչուններ են», ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալովս որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպետ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականներր և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած:

— Դրա ծախքը մենք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ-որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ինքս կգտնեմ, միայն ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք