Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/206

Այս էջը հաստատված է

հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք֊երեք գլխարկ ոսկի բերին տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց գերվիշի հետ. նա լուռ ու մունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց դրավ առջևը։

Ջուլհակն, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց դրավ իր առջևը։

Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կըտկըտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ գնաց...

թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ողջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել: Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրանն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել, թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց, կամ ուզեց ասել, մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի: