թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել, Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։
— Ա՜յ քեզ բախտ... ինչո՞ւ ես չէի մոտիկ թագավորին...— ասում էին որսորդներից շատերը...
Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։ Տեսնելու բան էր, թե ինչպիսի աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։
— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,— գոռում էին միաբերան և երգում.
|