Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Այս էջը հաստատված է

Արեգնազանը այս ցույցերը տեսնելով ասում էր ինքն իրան.

— Ա՜խ, ի՜նչ լավ բան է տղա լինելը. երանի՜ ես ճշմարիտ տղա լինեի։ Աղջիկը որտեղի՜ց կարող էր այս պատվին արժանանալ...

— Դու այսօր ցույց տվիր ինձ քո շնորհքդ, Արեգ,— ասաց թագավորը,— այսուհետև դու ինձնից անբաժան կմնաս։ Ապրի՛ս, տղա՛ս, ապրի՛ս: Դու մի հազվագյուտ էակ ես. գեղեցկության և ջահելության հետ շատ հաշտ չէ քաջությունը, բայց Երկինքն ուզեցել է քեզ մի բացառություն համարել: Վաղը դու մեր ձիաներից կընտրես քեզ համար ամենալավը, իմ զենք ու զրահներից՝ ամենից ընտիրները։ Դու ժամանակով դյուցազանց կարգը կընկնիս, և հենց այժմ էլ մի փոքրիկ դյուցազն ես...

Թագավորը շատ ուրախ էր, որ մի փոքրիկ դյուցազն է գտել, բայց Նունուֆարի ուրախությունը սահմանից անց էր կացել։

— Սրան Երկինքն է ուղարկել ինձ համար,— ասում էր Նունուֆարը ինքն իրան.— բանն այնպես է գնում, ինչպես որ պետք էր ցանկանալ։ Բայց ես ե՞րբ պիտի տեսնեմ նրան երես առ երես, կամ նա ինձ ե՞րբ պիտի տեսնի։ Ա՜խ, ինչքան ցանկանում եմ, որ հենց այս րոպեիս նա իմ մոտս լինի, մենք միասին կխոսինք, ես նրան կասեմ... նա ինձ կասե՛ ...Եվ ինչո՞ւ չկանչել, ինչո՞ւ չխոսել։ Հայրս նրան որդու պես է սիրում, որովհետև իր բարեկամի որդին է. նա ազատ ել ու մուտք ունի բոլոր պալատում։ Այո՛, այո՛, պետք է կանչել։ Է՜յ, ո՜վ կաք այդտեղ։— Կանչեց Նունուֆարը, և ներս մտավ մի աղախին։

— Այս րոպեիս կերթաս Արեգի մոտ և կասես, որ գա ինձ մոտ. ասա՝ «Ե՛կ, ինձ տես»...

Աղախինը գնաց և կանչեց Արեգին։

— Չեմ կարող գալ,— պատասխանեց Արեգը։

— Ինչո՞ւ չեք կարող, պարոն. նա հրամայել է,— պնդեց աղախինը։

— Ես նրա մոտ գործ չունիմ, հասկանո՞ւմ ես: