Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/219

Այս էջը սրբագրված է

— Այո՛. բայց այս անգամ շատ հիմարացավ,— պատասխանեց Նունուֆարը։

Մյուս առավոտը ամենից կանուխ վեզիրի կինը գնաց թագավորի մոտ։

— Ի՞նչ կա, ինչպե՞ս է աղջկանս առողջությունը.— հարցրեց թազավորը։

— Էլի այնպես է, տեր թագավոր, ինչպես տեսել ես. բայց ես եկել եմ քեզ մի ուրախառիթ լուր հաղորդելու։

— Ի՞նչ լուր, ասա շուտով, գուցե իմ աղջկանն Է վերաբերում, ուրիշ ոչ մի լուր ինձ չի կարող ուրախացնել։

— Այո՛, այո՛։ Այս գիշեր երազումս երևաց մեր թագուհին և ասաց ինձ, որ Նունուֆարի միակ դեղը «անմահական ջուրն է»։

— Ան-մա-հա-կան ջո՜ւր...— բացականչեց թազավորը.— բայց ո՞վ կարող է բերել այդ անմահական ջուրը, որի միայն անունն ենք լսած, իսկ իրան չենք տեսած:

— Ես հարցրի այդ մասին թագուհուն և նա ասաց, որ միայն Արեգը կարող է բերել... — Արեգը... լա՛վ. ես կուղարկեմ Արեգին, թող երթա իր բախտը փորձե...

Թագավորը կանչեց Արեգին և առաջարկեց նրան գնալ անմահական ջրի։

— Գնա՛, տղաս, եթե կարողանաս այդ ջրից բերել և իմ աղջկանս առողջացնել, ես նրան քեզ կտամ և նրա հետ իմ թագավորությունը։

— Այդ խոստումն էլ որ չլինի, տեր արքա, ես պատրաստ եմ հնազանդի քո հրամանին,— ասաց Արեգը.— դու ինձ ասա միայն՝ որտե՞ղ է գտնվում այդ անմահական ջուրը։

— Նրա տեղն ո՞վ կիմանա, որդի։ Նա մի առանձին պարգև մի առանձին ողորմություն և շնորհք, որ բարի ոգիները միայն իրանց ընտրածին են տալիս։ Թեպետ լսած ենք, թե նա մի աղբյուր է, թե նրա վրա հսկում են աներևույթ ոգիները, որ նա երբեմն բխում և երբեմն անհայտանում է, բայց այդ ո՞վ գիտե։ Դու երեսդ կդարձնես դեպի արևելք, կընկնես երկրե երկիր, աշխարհքե աշխարհք, ամեն տեղ հարցուփորձ կանես, կամ կգտնես, կամ չես գտնիլ. այդ քո ճակատագրից,