Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/237

Այս էջը սրբագրված է

որոնք այնուհետև միշտ նրա չորս կողմումն էին խաղում և վրան նայելով՝ զմայլում։ Արեգը չտեսավ իր արձանը. նա այդ ժամանակ արդեն գնացել էր։ նա երազումը տեսավ, որ Նունուֆարը վերջին շնչումն է, շտապեց վերադառնալ, որ գուցե կարողանա օդնություն հասցնել:

5

Նունուֆարը վերջին շնչումն է։

Էլ ոչ ծաղրածվի կատակները, ոչ վեզիրի կնոջ հոգատարությունը, ոչ հոր աղաչանքն ու հառաչանքը չեն ազդում նրա վրա։

Լեզու չունի, որ խոսի, ուժ չունի, որ ձեռքր շարժե։

Ակնապիշ նայում է դեպի վեր կարծես Երկնքիցը լինի սպասում իր փրկությունը, կամ ուղում լինի շուտով թռչիլ դեպի Երկինք։

Թագավորը և բոլոր պալատականները՝ ձեռքներր խաչ արած՝ վիզները ծռած՝ նայում էին Նունուֆարի երեսին, և ախ ու վախ քաշելով՝ խոստովանում իրանց անզորությունը Ամենակարողի կամքի առջև։

Այս աղեկտուր րոպեին մեկ էլ լսվեցավ, որ Արեգը եկել է: Նունուֆարի աղախինը ամենից շուտ վազեց Արեգի մոտ ևշտապեցրեց նրան, ասելով.

— Շու՛տ արա, եկ տես, վերջին շնչումն է, աչքը քեզ է մնում...

— Ահա գալիս եմ,— պատասխանեց Արեգը.— հիմա կրգամ և կտեսնեմ քո նունուֆարին...

Լուռ հանդիսականների միջով լուռ ու մունջ անցավ Արեգը, մոտեցավ Նունուֆարի մահճին, հանեց անմահական ջրի շիշը, մի կաթիլ կաթեցրեց բամբակի վրա և քսեց Նունուֆարի մեռելատիպ շրթունքներին։

նունուֆարի աչքերը պարզվեցան։

Արեգն այդ նկատեց և մի քանի կաթիլ կաթեցրեց ուղղակի բերանի մեջ։

Նունուֆարը երկու ձեռքով ծածկեց երեսը...