Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/248

Այս էջը սրբագրված է

րին, որոնք ակամա խմեցին, առանց նրա համն զգալու, բացի Արեգից, որին միայն էր տված նրա երկնային ճաշակն առնելու շնորհքը։ Վերջը մի շրջան կազմեցին երկրայինք, և մինչդեռ հրեղենք վերանում էին ծիածանի սանդուղքով, ասելով՝ մնացեք բարյա՜վ, բարյա՜վ... հողեղենք էլ նրանց բարի ճանապարհ էին մաղթում, երգելով.

Գնացեք բարյավ, սիրուն աղջիկներ,
Դուք մեր Դաշտերի Անմահ Ոգիներ...
Այս ի՜նչ շնորհք էր, ինչքա՜ն մեծ բարիք։
Որ դուք մարմնացած մեզ երևացիք...
Ախ. երանի՜ թե միշտ մեզ մոտ մնաք,
Որ ձեր տեսության կարոտը չզգանք...
Գնացեք բարյա՜վ, բարյա՜վ, բարյա՜վ...

Հրեղն աղջկերքը վերացան թե չէ, մեջտեղ եկավ ծաղրածուն և սկսվեցավ մի նոր զվարճություն։

— Խնամի թագավոր, շեն կենա քո հոր օջախը... կերանք խմեցինք, լիացանք...— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՛խ, թագավոր, թագավոր,
Ինչո՞վ ասեմ շնորհավոր...
Ոչ հաց ունիս, ոչ գինի,
Այսպես հարսնիք կլինի՜ ...
Յարալլալի, շարալլալի,
Այսպես հարսնիք կըլինի՜...


— Իրա՜վ, մի՞թե հաց չպիտի ուտենք,— ասաց թագավորը։— Մենք ամենքս էլ ամեն բան մոռացել ենք, որովհետև խելքներս կորցրել ենք, բացի հիմարից, որ խելք չի ունեցել կորցնելու...

— Դու սխալվում ես, թագավոր,— պատասխանեց հիմարը,— ես տեսա որ դուք ամենքդ էլ իմ հացը կտրել եք, գնացի մի ճոխ սեղան պատրաստել տվի, որ քաղցած չմնամ։ Այս ասելով ծաղրածուն վազեց բաց արավ սեղանատան դռները, ուր հիրավի, ճոխ ընթրիք կար պատրաստված։ Հյուրերն սկսեցին թագավորի հետևից ջուխտ֊ջուխտ մտնել սեղանատուն։ Ծաղրածուն՝ տեսնելով որ ինքը մենակ պիտի մնա՝