Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Այս էջը սրբագրված է

վազեց մեզ ծանոթ վեզիրի կնոջ մոտ և գլուխ վեր բերելով՝ երգեց.

Ով խելք ունի,— սեր չունի,
Ով սեր ունի,— տեր չունի.
Խեղճն ամենից հիմարն է,
Որ ոչ մի ընկեր չունի,
Արի, տիկին, ես ու դու
Շիտակ խոսք տանք մեկմեկու,
Թե դու իմն ես, ես՝ քոնը».
Համաձա՞յն ես, ձեռքըդ տու...


Ասաց ծաղրածուն և տիկնոջ ձեռքից բռնելով' մյուսների Հետ մտավ սեղանատուն...

Մյուս առավոտուն սկսվեցավ հարսանիքի տոնախմբությունը քաղաքացոց ու գյուղացոց համար, և տևեց մինչև քառասուն օր և քառասուն գիշեր։ Ամեն մեկ օրը մի րոպեի պես էր անցնում, այնքա՜ն զվարճալի էին։ Ի՜նչ խաղեր, ի՜նչ պա¬ րեր, ի՜նչ ծաղրածություններ, մրցություններ և հազար ու մի տեսակ օյիններ...

Կեր ու խումին բնավ հաշիվ չկար։ Տասը հազար միայն եզ ու կով մորթեցին, քսան հազար ոչխար, թո՛ղ վայրի կենդանիները — եղջերուները, եղնիկները՛, վարազներր. թո՛ղ և թռչունները' թե՛ տանու և թե վայրենի։ Քառասուն հազար սոմար միայն բրինձ զնաց փլավի համար, ինչքա՜ն եղ կերթար նրան, ինչքա՜ն չամիչ... հիսուն հազար կարաս միայն գինի խմվեցավ, չհաշված մյուս քաղցրահամ և դառնահյութ խմիչքները...

Քառասուն օրից հետո Արեգը մի թեթև ճանապարհորդություն արավ Նունուֆարի հետ Վանա ծովի վրա։ Երբ որ ծովի ամենախոր տեղն էին հասել, Արեգը հանեց չար պառավի կախարդական գավազանները, որոնք անհայտ մետաղից էին դժոխքի կրակով մխված, և ասաց.