Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/252

Այս էջը սրբագրված է

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈԻ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ


«Երեխեք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ, շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, աստուծո ողորմությունր չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց․ որ տատիկը մի բան պատմի մեզ․ որ մենք համ լսենք, համ հանգստանանք։ Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

— Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն. մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված