Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Այս էջը սրբագրված է

Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում.նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ ակնոցը քթին դրած երեխաների պատռտած շորերն էր կարկատում:Երբեմն էլ' ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում գնում ծնկան վրա, որ տեսնի հարսները լավ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե ոչ։ Նա միևնույն Ժամանակ առանց ուշադրության չէր թող- նում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմու֊ թյունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին: Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաք֊ շում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե:

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,_ շարունակեց տատիկը։— Երկնքից լսվում էր աստուծո ձայ֊ նը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը. պատվերներ էր տալիս և հաս֊ կացնում էր, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մե- ղեդիքը Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերան֊ ցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը...

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը, ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակու- մը, իր ականջովը լսած լիներ աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ զրկված այն երջանկությունից»: