Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Այս էջը սրբագրված է

թարված, պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ: Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավև Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե նա է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացաքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները, մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թըշ- նամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայիր, ասացին, մայրիկ, այդ բլրի վրա և տես ինչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս֊ մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը, երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը դրավ և վերադարձավ իր ձագուկների մոտ:

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր: Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ֊Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել. նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանոլ պես և շվաք արավ Գուրգենի վրա, որ նա հով֊հով քնե։Վերջը, Գուրգենը որ զարթեցավ, կարծեց, թե մթնել է արդեն. բայց թռչունը որ թևերը ետ քաշեց, կրկին լուսացավ և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ ևասաց.

— Ով ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես երկնքից իջած, դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։ Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜... եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան, դրա գլուխը կջախջախեի... Ո՛վ պատվական քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ. ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ,ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ. որքա՞ն հարըստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավա-