Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Այս էջը սրբագրված է

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ,թե որտեղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը...

Ահա թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը մութ կամ ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին,որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել։) Արևահատի տրեխները որ մաշվում են, նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալո պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը չտեսներ նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում, շատ շոգած ու քրտնած... Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ազատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում.վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա այս է նրա դեղը. եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին, նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս կրկին իր տեղը գնալու։

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ աղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր, գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն