Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Այս էջը սրբագրված է

— Այնպես եղավ, որ երեխաները երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխերքն իր քունը չխանգարեն:

— Այսպես չէ,տատիկ,այդպես չէ, — մեջ ընկավ մի սրամտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

— Հապա ինչպե՞ս է եղել,— հարցրինք ամենքս միաբերան։

— Թող տատիկն ասի... Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխերքն են եղել, այլ մի անգետ պառավ է եղել, որ երեխի...

— Այդ սուտ է, այդ սուտ է...— խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը, չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք, էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառն և խուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատիկ, որ եթե աղջիկը Կանաչ֊Կարմրի տակովն անց կենա, տղա կդառնա. տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատիկ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել, ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը: Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր, նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին ինչին որ միայն երեխաները կհավատան։