Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Այս էջը սրբագրված է

2

Ուխայը մի ճարպիկ ձեռնածու էր, այսինքն՝ աչքակապ, ֆոկուսնիկ, և միևնույն ժամանակ մի չլսված և չտեսնված կախարդ։ Նրա բնակարանը մի առանձնացած տեղ էր. երկրի երեսի՞ն էր արդյոք, թե գետնի տակին՝ հայտնի չէ և այնքան հրաշալի մի շենք էր, որ լեզվով պատմել չի լինիլ: Բոլոր պատերը, սյուները, հատակը, առաստաղը, վերնածածկը, գավիթը, պարիսպը, մի խոսքով ամբողջ շինությունը յուր բոլոր մասներով շինված էր արծաթից, ոսկուց, ադամանդից, յաղութից, զումրուխտից և ամեն գույնի գոհարներից ու անգին քարերից, և շինված էր այնպիսի վարպետությամբ և ճաշակով, որ արեգակի ճառագայթները վրան ընկնելով ամբողջ տունը ամեն մի րոպեից հետո մի նոր ձև, մի նոր պատկեր էր ստանում, որ մարդ նայելիս չձանձրանա չկշտանա:

նա ուներ և ընդարձակ այգի, ամեն տեսակ ծառ ու ծաղկով զարդարված, միշտ փթթած, միշտ դալար՝ թե՛ ամառ է թե՛ ձմեռ, բայց ոչ մի խոտ, ոչ մի թուփ, ոչ մի ծառ կամ ծաղիկ բուսեղեն չէր, իսկական, բնական բույս չէր, այլ ով դիտե ինչից էին շինված և ինչպես։ Ավազաններ կային տեղ-տեղ, հրաշալի ավազաններ, մարջանից շինած խողովակներով և մարմարիոնից շինած հյուրիների չքնաղ անդրիներով, որոնց գլուխների վրա դրած ոսկե սափորներից ականակիտ շատրվանները մինչև հիսուն կանգուն վեր էին խփում և ցնցողնած վայր թափվում ծիածանի բոլոր գույներովը զարդարված։ Բայց… ջուր չէր այդ թափվածը, այլ ով գիտե, գուցե ադամանդի, այսինքն բրիլյանտի ու ալմաստի հալվածք էր, կամ մի այլ զարմանալի հեղուկ։

Թռչուններ կային տեսակ֊տեսակ, ամեն ցեղի և ամեն գույնի, որոնք թևերը շարժելով՝ երգում էին հազար ձայնով, բայց… չէին թռչում, որովհետև նրանց թևերը փետուրից չէին, նրանք իսկական թռչուններ չէին, բայց այնպես էին շինված, որ մի մեղմ հով փչելիս՝ նրանց մեջ սարքած մեքենան շարժել էր տալիս նրանց թևերը և նրանց կտուցից դուրս էր գալիս մի զմայլելի երգ, և թեպետ ամեն մեկը մի ջոկ ձայնով ու