Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Այս էջը սրբագրված է

մուկն էր դառնում, ծակուծուկ մտնում. կատու էր դառնում, մլավում. շուն էր դառնում, հաչում. թռչուն էր դառնում, թռչում. ծառ էր դառնում, ճղները տարածում դեսուդեն, քար էր դառնում, մի տեղ ցցվում կամ վայր ընկնում, դերվիշ էր դառնում, և չանաղը ձեռքն առած երդում, փայ ուզում, աշըղ էր դառնում, սազ ածում և խաղ ասում կամ մի նոր մարաքա սարքում…

Ուխայի կինն ավելի շատ բան էր սովորեցնում Քաջիկին և շատ սիրում էր նրան։ Նա սկսեց այնպիսի բաներ էլ սովորեցնել, որ մարդուն հաճելի չէր։ Թեպետ այդ բաները նա ծածուկ էր սովորեցնում, բայց սատանա և խորամանկ Ուխայից ինչ կծածկվեր։ Ուխայն ամեն գաղտնիք չէր ուզում հայտնել Քաջիկին, այդ բանը դեռ վաղ էր համարում, չէր ուզում յուր հացը բոլորովին կտրել և տալ ուրիշին։ Երբ որ գլխի ընկավ, որ Քաջիկն ավելի է հառաջ գնացել, քան թե պետք էր, սկսեց խեթ աչքով նայել նրա վրա և վերջը բանը մինչև այնտեղը հասավ, որ ուզեց սպանել նրան։ Բшյց կինն էլ պակաս խորամանկ չէր։ Նա էլ երբ որ իմացավ մարդու միտքը, ուզեց ազատել Քաջիկին, և ասաց նրան, որ խելագար ձևանա և այնպես ցույց տա, որ իբր թե էլ ոչինչ չի կարողանում սովորել, և ինչ որ սովորել է, բոլորն էլ մոռացել է։

Քաջիկը ձևացրեց իրան իբրև խելագար՝ յուր սովորած արվեստի բոլոր ճարտարությամբ, դեղնեց, սփրթնեց, և սկսեց խենթ ու խելառ, ինչ ասես, դուրս տալ գլխիցը և այնպիսի վտանգավոր բաներ անել, որ միայն խելագարը և գլխից ձեռք վերցրած մարդը կաներ։

— Խե՜ղճ տղա,— ասաց մեկ օր էլ կինը մարդուն,— շատ բան սովորելուց գժվեցավ…

Խորամանկ Ուխայը հեշտ և շուտ խաբվող չէր։ Նա ամեն հնար գործ գրավ, որ իմանա, թե արդյոք Քաջիկն ստո՞ւյգ խելագար է, թե ձևանում է միայն, բայց ի վերջո բոլորովին համոզվեցավ, որ Թաջիկի խելագարության մեջ ոչինչ կեղծիք չկա…

Հենց այդ ժամանակները Քաջիկի հայրը եկավ աղբյուրից խմեց, ուխա՜յ ասաց. Ուխայն իմացավ իսկույն և Քաջիկին