Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

այնտեղ դառավ մի կարմիր ձի և այնքան գեղեցիկ, որ տեսնողը կասեր՝ ոչ ուտեմ, ոչ խմեմ, միայն սրա շենք ու շնորհքին մտիկ տամ։ Հայրը տարավ բազար և բոլոր տեսնողները մնացին հիացած։ Հազար մանեթ գին գրավ և մեկը, առանց խոսելու՝ հանեց տվավ փողը և ձին առավ տարավ։ Հայրը սանձը չտվավ և փողի հետ տարավ տուն։ Առնողը տարավ ձին և սկսեց խաղացնել, բայց չկարողացավ սանձահարել և հրաշալի կենդանին հրեղեն ձիու նման թև առած՝ թռավ անհայտացավ։ Մի ժամից հետո նա իրանց տանն էր և առաջվան Քաջիկն էր։ Այսպես մեր Քաջիկը մի քանի անգամ ձի դառնալով և ամեն անգամ ուրիշ գույնով, և ավելի թանկ գնով ծախվեցավ։

Մեկ օր էլ, երբ որ հայրը նրան բազար էր դուրս բերել, մի քոսակ մարդ մոտեցավ, ձեռքը քսեց ձիու բաշին, աչքերին, շատ հավանեց, գովեց և հարցրեց գինը։ Հայրն ասաց, որ գինը տասը հազար մանեթ է, առանց սանձի։

— Իսկ սանձն ի՞նչ արժե,— հարցրեց քոսակը։

— Սանձը ծախու չէ,— պատասխանեց հայրը։

— Սուտ ես ասում, կծախես,— ժպտալով ասաց քոսակը. երևի ուզում ես մի բան էլ սանձի համար գջլես։ Ես առանց սանձի չեմ առնիլ, որովհետև այս սանձն ինձ ավելի է դուր գալիս քան թե ձին, և այս պատճառով ես մի հազար մանեթ էլ սանձի համար կավելացնեմ։

— Չեմ կարող տալ, թեկուզ երկու հազար մանեթ տաս...

— Ի՞նչ անխելք մարդ ես... դե լա՛վ, տասը հազար էլ սանձի համար կտամ։

Այս որ ասաց քոսակը, բոլորի բերանը բաց մնաց․ Թե գիժ խոմ չէ այս մարդը, որ վեց շահանոց սանձին տասը հազար մանեթ է տալիս։— Գիժն ավելի չտվողն է,— ասացին շատերը և սկսեցին մեղադրել ձիավաճառին, թե ինչո՛ւ այդպիսի մի առասպելական գնով չի ծախում սանձը։ Ինքը հայրը մնաց զարմացած այդ գնից և շշկլվելով՝ սանձն էլ հետը ծախեց։ Քոսակը քսան հազար մանեթ համրեց տվավ հորը և ձիու սանձն առավ ձեռքը։

Երբ որ քոսակը ձիու սանձը ձեռքն առավ, ամենքն էլ