Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Այս էջը սրբագրված է

5

Շատ ցավում է մարդ, որ մի բան է կորցնում, թեկուզ այդ բանը շատ փոքր լինի։ Երեխան, երբ որ երազումը դանակ է գտնում և մյուս օրր տեսնում է, որ. գտած դանակը չկա, սկսում է լաց լինիլ։ Ուրեմն ինչքա՜ն կցավեր Քաջիկը, որ ոչ թե երազումը գտած դանակ էր կորցրել, այլ յուր շնորհքը,յուր բոլոր ուսումը, այն էլ այնպիսի ուսում, որ ոչ ոք չգիտեր բացի իրանից։ Նա շատ դարդ արավ, և վերջը մտածեց, որ գնա Ուխայի կնոջ մոտ, պատմե եղելությունը և նորից ձեռք բերե յուր գիտությունը։ Այս մտքով ճանապարհ ընկավ դեպի Ուխայի բնակարանը, բայց… էլ ոչինչ չկար… ամեն ինչ ցընդել էր օդի մեջ. ոչ մի հետք, ոչ մի նշան անգամ չէր մնացել։ Քաջիկին թվում էր, թե ուրեմն ամեն ինչ երադումն էր տեսել, դանակ գտնող երեխայի նման, բայց չէ, նա աշկարա տեսնում էր յուր այրված կաշին, յուր չեչոտված և այլանդակված կերպն ու կերպարանքը։

Այսպես դարդ անելով մեր Քաջիկը ճանապարհ ընկավ դեպի ուրիշ երկիր, որ գուցե կարողանա մի նոր արհեստ սովորել և յուր այրված կաշին առողջացնել։ Շատ գնաց թե քիչ, աստված գիտե, վերջը հասավ մի ծովեզերյա քաղաք։ Այս քաղաքում նա լսեց, որ ծովումը մի կղզու վրա մի երևելի բժիշկ է կենում և նա ամեն ցավի դեղ գիտե, ամեն ցավ բժշկում է։ Նա շաբթենը երկու անգամ դուրս է գալիս յուր նավակով և ամեն հիվանդի ասում է, թե ինչով պիտի բժշկվի. շանտ անգամ դեղերն էլ ինքն է տալիս և ոչինչ չի առնում ոչ դեղի և ոչ բժշկության համար։

Այս լուրը շատ ուրախացրեց Քաջիկին։ Մյուս օրը բժշկի դուրս գալու օրն էր։ Քաջիկը գնաց ծովափ և մյուս հիվանդների հետ կանգնեց։ Անթիվ հիվանդներ կային ոչ միայն մոտիկ տեղերից, այլև շատ հեռավոր երկրներից։ Շատերը մերձիմահ ընկած էին մահիճների մեջ, նրանց բերել էին պատգարակներով։Բժիշկը դուրս եկավ ափը և ամենից առաջ դժվար հիվանդների մոտ գնաց, նրանց ամենքին էլ դեղ տալով, իսկույն ոտքի կանգնեցրեց և մի քանի խորհուրդ տալով ճանապարհ ձգեց, պատգարակով բերածները վերադարձան