Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Այս էջը սրբագրված է

ՎԻՇԱՊԻՆ ՀԱՂԹՈՂԸ

(Դյուցազնական աշխարհից)

1

Ինչ որ ձեզ ասելու եմ, սիրելի մանուկներ, պատահել է մեզանից՝ ով գիտե՝ քանի ֊քանի հազար տարի առաջ...

Եվ առհասարակ բոլոր հրաշալիքներր, որ ես ձեզ պատմել եմ, պատահել են շատ վաղվանից, ո՛վ զիտե՝ ո՛ր ժամանակ։

Էլլադայի հրաշալի աշխարհում, մի բարձր սարի տակից բխում էր մի պատվական աղբյուր։ Որքա՜ն տարի է անցկացել, բայց այն աղբյուրը դեռ մինչև այսօր էլ կա, և բխում է միևնույն տեղից։

Օրը մթնելու վրա էր, արեգակն անց էր կենում սարերի քամակը և իր վերջին ճառագայթներով ոսկեզօծում էր մեր ասած լեռնային աղբյուրը, երբ մի երիտասարդ՝ Բելլերոհոն անունով՝ մոտեցավ նրան։ Երիտասարդը մի սանձ ուներ ձեռքին, մի սանձ անգին գոհարներ հագցրած և ոսկենկար փորագրություններով զարդարած։ Նա աղբյուրի մոտ տեսավ մի ծերունի, նրա մոտ միջահասակ մի գյուղացի, մի սիրուն գանգուրիկ տղա և մի մատաղահաս աղջիկ, որ ուզում էր ջուր տանել աղբյուրից։ Երիտասարդը կանգ առավ այդեղ և խմելու ջուր ուզեց աղջկանից։

— Ինչ հրաշալի ջուր է,— ասաց նա, երբ որ խմեց և ետ դարձրեց փարչը։ Աղջիկը փարչը ողողեց և նորից լցրեց։