Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/283

Այս էջը սրբագրված է

Գյուղացին ուրախ֊ուրախ խնդխնդաց երիտասարդի այս ասածի վրա։

Իսկ դուք, իմ սիրելի ընթերցողներ, լսած կա՞ք արդյոք, որ Պեգաս անունով մի ձի է եղել, հրեղեն ձի, ձյունի նման սպիտակ, արծաթափայլ շքեղ թևերով։ Նա կենալիս է եղել Հելիկոն սարի գագաթի վրա։ Պեգասը եղել է շատ կայտառ և աշխույժ, արագընթաց և թեթևագնաց. նա բարձրանալիս է եղել մինչև ամպերը և այնքան բարձր, ուր արծիվն անգամ չէր կարող հասնիլ: Նրա նման էլի մի ուրիշ ձի չի եղել աշխարհքում. նա չի ունեցել իրա հատը։ Ոչ ոք նրան չի թամքած, ոչ ոք չի սանձած, չի պայտած, և նա շատ տարիներ ապրել է Հելիկոնի սարի գագաթին մեն֊մենկ, ազատ և բախտավոր։

Եվ ինչքա՜ն ուրախ էր անցկացնում իր կյանքը թևավոր ձին։ Գիշերները քնում էր անուշ քնով, բաց-բացահար, ուրևիցե մի լեռնային հարթ տափարակի վրա, իսկ ցերեկվա մեծ մասն անց էր կացնում այս և այն կողմ թռչելով։ Պեգասը ոչ մի բանով նման չէր մեր ձիերին։ Մեկ էլ էիր տեսնում, անց էր կենում ահա մարդկանց գլխներով, թռած բա՜րձր, բարձր և արևը պսպղում էր նրա արծաթափայլ թևերի վրա, այնպես էր թվում, թե նա մի մեծ, սպիտակ թռչուն է, մոլորվել է ամպերի մեջ, և ճանապարհ է փնտրում դեպի պարզ և կապուտակ երկինքը։ Մարդ չէր ուզում աչքերը հեռացնել, երբ մտիկ էր տալիս և տեսնում, թե ինչպես է նա սուզվում բամբակի նման բարդ-բարդ կուտակված ամպերի մեջ։ Սուզվում է, անհետանում մի երկու րոպե, մեկ էլ տեսնում ես, որ թռչում է նա ամպերի մյուս կողմով։ Հավաքվում, կուտակվում են մրրկալից ամպեր, երկինքը սևանում է. գետնքի վրա շաչում-շառաչում է փոթորիկը, բայց Պեգասն իսկի այնումը չի գցում. նրա հոգը չէ բնավ, սլանում, սավառնում է մի տեղից դեպի մյուսը, և հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանեգույն լուսով։ Թաքչում էր փայլակը և Պեգասն անհետանում էր թանձր խավարի մեջ։ Մարդկանց մեջ այսպիսի մի հավատ կար, որ իբրև թե՝ ով որ արժանանար մեկ անգամ նայելու այս հրաշալի տեսարանին, այնուհետև նա ամբողջ օրերով կզգար մի առանձին հոգեկան ուրախ տրամադրություն։