Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

2

Բելլերոֆոնը մի քանի օր շարունակ թափառեց Պիրենայի աղբյուրի մոտերքում և թևավոր ձիու հետքր պահեց։ Նայում էր փոփոխակի' երբեմն երկնքին և երբեմն ջրին, միշտ հուսալով, որ մեկնումեկում կտեսնի կամ իրան՝ Պեգասին և կամ նրա անդրադարձութ- յունը։ Թանկագին սանձը միշտ պատրաստ ուներ ձեռին։ Մոտակա գյուղացիք շատ անգամ իրենց տավարը ջուր տալու բերելիս, ծիծաղում էին երիտասարդի վրա և երբեմն նաև խրատ էին տալիս, ասելով «Այդ ի՞նչ դատարկաշրջիկ տղա ես դու. զուր ժամանակ ես անցկացնում միայն. ավելի լավ չէ՞ր լինիլ, որ մի որևիցե գործով զբաղվեիր։ Ձի՞ ես ուզում առնել,— առ, մենք ծախու ձիաներ շատ ունինք»: Երբ որ Բելլերոֆոնը չէր ընդունում նրանց ասածը, նրանք առաջարկում էին, որ ծախե իր սանձը։

Գյուղի մանուկները նրան խենթ էին համարում, ծաղրում էին, փեշերից ձգձգում էին, ծամածռություններ էին անում, զանազան փուտ անուններ էին կպցնում։ Երեխայքն իրանց ծաղրածությունը մինչև այնտեղ հասցրին, որ նրանցից մեկը, հինգ տարեկան մի լակոտ, ինքն իրան Պեգաս ձևացրեց, սկսեց լոք-լոք անել, ոստոստալ, վազվզել, այս ու այն կողմը չափ ընկնել, տրտինգ տալ, ծառս կենալ, կոները թափ հավաքելով, իբր թե իր կոներն էլ Պեգասի թևերն են, իսկ նրանից մեծ մի ուրիշ երեխա մի փունջ խոտ ձեռին' մոտենում էր նրան և անասնահան բացականչություններով մոտ կանչում Պեգասին։ Բոլոր այս ծաղրածությունները սարքել էին, որ տնազ անեն Բելլերոֆոնին և ջգրացնեն նրան։ Բայց նրանց հակառակ՝ այն գանգուրիկ և կայտառ մանուկը, որին առաջին օրը հանդիպեց Բելլերոֆոնը, չէր հետևում նրանց օրինակին և շատ սիրում էր Բելլերոֆոնին։ Նա լուռ ու մունջ նստում էրԲելլերոֆոնի մոտ, լուռ ու մունջ նայում ջրի վրա անընդհատ,սրտանց հավատալով, որ իր տեսածն ուղիդ էր: Երեխայի այս հաստատուն հավատը մեծ հույս էր տալիս և խրախուսում Բելլերոֆոնին։

Բայց դուք, սիրելի ընթերցողներս, գուցե կհարցնեք ինձ, թե Բելլերոֆոնն ինչո՞ւ համար էր ման գալիս Պեգասին, ի՞նչ