Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/289

Այս էջը սրբագրված է

ասվում էր Լիկիա։ Բելլերոֆոնը մի շատ անվեհեր երիտասարդ էր։ Նա իրան անձը նվիրել էր քաջագործության և այնպիսի մեծագործությունների, որոնցով կարող էր օգուտ բերել մարդկությանը, ծառայել մարդկանց բախտավորությանը։ Այն ժամանակներում երիտասարդ մարդկանց միակ փառք ու պատիվն այն էր, որ մասնակցեն՝ բոլոր պատերազմներին. կամ կռվելով հայրենիքի թշնամու դեմ, կամ չար դևերի, զարհուրելի վիշապների և վերջապես վայրենի գազանների դեմ, այս էլ այն ժամանակ, երբ ուրիշ ավելի չար բան չէր լինում, որի դեմ կռվեին։ Հոբաթ թագավորը երբ որ Բելլերոֆոնին տեսավ, իսկույն նշմարեց, որ իր հյուրն անվեհեր երիտասարդ է, սրա համար էլ ահա առաջարկեց նրան, որ գտնի չար Օշափին և սպանե։ Ոչ ոք սիրտ չէր անում ձեռք զարկել այսպիսի մի քաջագործությամբ, որովհետև ամենքն էլ նրա միայն անունը լսելով՝ դողում էին, իսկ եթե չսպանեին, նա պիտի ամբողջ Լիկիան անշեն անապատ դարձներ։ Բելլերոֆոնը թագավորի այս առաջարկության վրա մի րոպե մտածության մեջ ընկավ, բայց հետո վճռական խոսք տվավ թագավորին, որ կերթա, կսպանե Օշափին, իսկ եթե չկարողանա, իր ոսկորները նրա մոտ կթողնե։

Լսած լինելով, որ երեքգլխանի Օշափը շատ արագաշարժ և ճարպիկ է, այն մտքին եկավ, որ անկարելի է այնպիսի մի հրեշի դեմ հետևակ կռվել, այլ դրա համար հարկավոր է անպատճառ ձեռք բերել ամենաքաջ և ամենազորեղ ձի։ Իսկ այս կողմից աշխարհիս երեսին ի՞նչ ձի կարող է հավասարվել Պեգասին, որ համ ոտքեր ուներ, համ թևեր, և օդի մեջ ավելի ևս արագ էր թռչում, քան վազում երկրի երեսին։ Ինչ ասել կուզի, որ Բելլերոֆոնին ամեն կողմից սկսեցին հավատացնել, որ թևավոր ձի չկա ոչ մի տեղ և ինչ որ պատմում են թևավոր ձիաների մասին, բոլորն էլ դատարկ զառանցանքներ են միայն և անմիտ ցնորքներ։

Բայց այնուամենայնիվ, Բելլերոֆոնը հաստատ համոզված էր, որ Պեգասը հնարովի բան չէ, այլ նա կա և ուշ թե վաղ՝ իր ձեռքը կընկնի, որ նրան կսանձե ինքը և վրան հեծնելով՝ կերթա Օշափի հետ կռվելու։

Այս նպատակով ահա նա Լիկիայից ճանապարհ ընկավ