Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

Եթե կամենանք, խելք խելքի կըտանք,
Եվ ինչից ասես' կրակ կստանանք,—
Կրակ լուսատու, պայծառ, անստվեր,
Որ տաքացնե սառցեղեն սրտեր,
Որ կենդանացնե գոսացած ձեռներ,
Որ հալեցնե սառցապատ լեռներ.—
Օրինակ առնենք մեզ կիղ-ապակին,
Եվ մենք կըհասնենք մեր նպատակին։
1884

ԱՐԵՎ



Արև՛, արև՛, դու մեզանից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի' գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ, իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ախ երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հոտաղն անուշ հոլոլով։