Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/294

Այս էջը սրբագրված է

երկինք: Բավականաչափ թավալգլոր գալուց հետո՝ վերջապես Պեգասը շտկվեց և հասարակ ձիու պես դանդաղ կերպով առաջի ոտները ձգեց, որ վեր կենա, Բելլերոֆոնն իսկույն գլխի ընկավ, որ ձին վեր կենալուն պես՝ պիտի ճանապարհ ընկնի՝ նա մի ակնթարթում դուրս ընկավ թփուտից և մի ճարպիկ ոստյունով թռավ նստեց ձիու քամակին։

Այո՛, նստեց թևավո՜ր ձիու վրա...

Երևակայել պետք է, թե ինչպես վեր թռավ Պեգասը, իր կյանքումն առաջին անգամն զգալով իր վրա հողեղեն մարդու ծանրություն։ Վեր թռչել եմ ասում, բայց չկարծեք, որ մի հասարակ ոստյուն էր, որ արավ Պեգասը։ Բելլերոֆոնը դեռ խելքը գլուխը չէր հավաքել, որ Պեգասի հետ արդեն գետնից բարձրացել էին մինչև հինգ հարյուր ոտնաչափ և սլանում էին նետի արագությամբ։ Թևավոր ձին նրա տակին փռնչում էր և երկյուղից ու զայրույթից դողում, սարսափում։ Թռան գնացին միշտ բա՜րձր ու բա՜րձր, մինչև հասան ամպալից օդի ցուրտ շերտերը, որոնց վրա մի քանի րոպե առաջ Բելլերոֆոնը, գետնին պառկած նայում էր և սքանչանում։ Այդ բարձրությունից ձին ուղղակի ցած նետեց ինքզինքը, որ մի Ժայռի կամ ուրիշ բանի դիպչելով՝ ջարդուխուրդ անի իր հեծյալին։ Բայց այսպիսի բան չպատահեց. Բելլերոֆոնն այնպես էր կպել նրան, որ բաց թողներ կամ վայր ընկներ, բայց սրա վրա ի՜նչ բաներ արավ չարացած թևավոր ձին, ի՜նչ ճարպիկություններ բանեցրեց. ցիրկում խաղացող ակրոբատներն այն չեն անում, ինչ որ մեր Պեգասն արավ օդի մեջ. ի՜նչ վեր֊վեր թռչել, ի՜նչ օրորվել, ի՜նչ աքացիք շպռտոտել դես ու դեն, ինչ տրտինգներ տալ։ Գլուխը գցում էր առաջի ոտների արանքը, թևերը վեր ցցում և սկսում, մեկ թե երկու, գլուխկոնձի տալ կապիկի նման։ Շուռ էր գալիս մեջքի վրա և ոտները վեր ցցելով՝ թափահարում ինքըզինքը, կամ գլուխը դեպի պոչն արած՝ երկուտակվում էր և սկսում պտտվել չարխի պես։ Վերջապես շատ բաներ արավ, տեսավ որ հնար չի լինում, չի կարողանում վայր գլորել Բելլերոֆոնին, վիզը թեքեց և կրակոտ աչքերը վրան ձզելով, դունչը մեկնեց, որ կծե։Նա այնքան թափ տվավ իր թևերը, որ նրանցից մի արծաթագույն փետուր գջլվեց և ընկավ հենց այնտեղ, ուր կանգնած