Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է

{{Poemx||

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։
1884

ԳԱՐՈՒՆՔԻ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ

Ծիծեռնակը համբավ բերավ նոր գարունքից,
Թե՝ ահա նա մոտենում է մեզ դաշտերից.

Այս համբավը երբ որ լսեց ծեր ձմեռը,
Փընթփընթալով քաշվեց գնաց ցուրտ լեռները.

Բայց գարունը գնաց հասավ հետևիցը
Եվ դուրս հանեց ձյունով պատած լեռներիցը.

Ձեռք ու ոտքը պինդ շղթայով լավ կապոտեց,
Մասիս լեռան սառնարանի բանտը ձըգեց.

Բայց ափսոս որ այս պատիժը շատ թեթև էր,
Որովհետև միայն ութ ամիս պիտի տևեր:

ԼՈՒՍՆԱՀԱՉ



— Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նըրան:

— «Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս,
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի՝
Լույս գիշերը դուր չի գալիս։<poem>