Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Այս էջը հաստատված է

Կամ կկործանվի Օշափը, կամ նրա բոլոր երեք ռեխները կլափեն ինձ մի քանի րոպեի մեջ։

Պեգասը սիրով վրնջաց, և գլուխը թեքելով՝ իր վարդագույն ռունգները տիրոջ թշերին քսեց։ Սրանով ուզեց ասել նա, որ թեպետ ինքը թևեր ունի և մինչև այսօր անմահ է եղել, բայց այսուամենայնիվ ավելի հոժար կլինի ինքը մեռնել, քան թե թույլ կտա, որ Բելլերոֆոնն ընկնի հրեշի ճանկը։

— Շնորհակալ եմ քեզանից, հոգյակս,— ասաց Բելլերոֆոնը, պարզ իմանալով իր բարեկամի համր խոսակցությունը։— Հիմա եկ հարձակվինք Օշափի վրա. դու վրա թռիր, ինչպես գիտես...

Այս խոսքերով նա շարժեց սանձը. Պեգասը նետի պես սլացավ ուղղակի դեպի եռագլուխ Քիմեռը, որ բոլոր ժամանակ գալարվելով՝ ձգվում էր դեպի նրանց։ Բելլերոֆոնը հասնելն ու թրով զարկելը մեկ արավ. նա միայն մեկ անգամ զարկեց ինչքան որ կռնումն ուժ ուներ, բայց Պեգասը նրան այնպես շուտ թռցրեց դեպի երկինք, որ էլ հնար չունեցավ նայելու, թե հարվածը հաջո՞ղ էր արդյոք, թե՞ ոչ։ Պեգասի օղային արշավանքը երկար չտևեց, նա կրկնեց իր հարձակմունքը։ Այս անգամ միայն համոզվեց Բելլերոֆոնը, որ առաջին զարկով թռցրել էր հրեշի այծային գլուխը, որ արդեն մի բարակ մորթով կախված՝ ճոճվում էր հրեշի վրա:

Բայց հենց սրա համար էլ ողջ մնացած երկու գլուխները՝ օձինն ու առյուծինը՝ կրկնապատկեցին իրենց կատաղությունը և ճիգ էին թափում, որ իրանց երրորդ գլխի վրեժն առնեն։ Նրանց ահեղագոչ մռնչյունից և վսսոցից մարդու ականջ էր խլանում։

— Չվախենաս, Պեգաս,— աղաղակեց Բելլերոֆոնը.— էլի մեկ հարված, և մենք կկտրենք երկրորդ գլուխը։ Հառաջ, բարեկամ, սիրտդ պինդ պահիր...

Նա կրկին շարժեց սանձը։ Թևավոր ձին նորից սլացավ նետի պես դեպի վայր, և Բելլերոֆոնն իր բոլոր ուժով նորից հասցրեց թուրը ողջ մնացած գլուխներին։ Բայց այս անգամ թե՛ նրան և թե՛ Պեգասին ձրի չնստեց այդ։ Օշափն իր թանթուլների ճանկերով մի քիչ չանկռեց Պեգասի ձախ թեր և բավական խոր վիրավորեց Բելերոֆոնի ուսը։ Բայց Բելլերոֆոնն