Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Այս էջը հաստատված է

էլ փոքր հարված չէր տվել։ Այս անգամ նա կտրել էր հրեշի առյուծային գլուխը, որ արդեն կախ էր ընկել վրան և ռեխը բաց ու խուփ անելով՝ թանձր ծուխ էր դուրս վիժում։ Միայն սոսկալի դարձավ այժմ Օշափի ողջ մնացած միակ օձային գլուխը։ Նա հիմա հրահեղեղ էր դուրս վիժում և մինչև հինգ հարյուր գրկաչափ հեռավորության հասցնում։ Եվ սկսեց այնքան ահեղ ոռնալ, վնգստալ, սուլել, որ Հոբաթ թագավորը լսեց այդ գոչյունը հինգ հարյուր մղոնաչափ հեռավորությունից և երկյուղից սկսեց այնպես դողդողալ, որ գահն իր տակին սկսեց երերալ և տատանել:

— Վայն եկել է մեզ տարել,— ասեց նա.— այս Օշափի ձայնն է. նա երևի գալիս է մեզ լափելու։

Այդ միջոցին Պեգասը մի կողմ թռչելով՝ սկսեց բարկությունից վրնջալ, իսկ նրա աչքերը կայծեր էին ցայտում։

— Պեգա՜ս, վիրավորվա՞ծ ես,— բացականչեց Բելլերոֆոնը, նկատելով որ իր սիրական ձիու արծաթափայլ թևից արյուն է հոսում։— Նզովյալ Օշափը իր այս չարագործության համար իր վերջին գլուխը պետք է տա ինձ. ինչպե՜ս. նա համարձակվի վիրավորել անմահ և հրեղեն ձիու՜ն...

Պեգասն էլ այդ էր ուզում. նա մի ակնթարթում շրջեց գլուխը և կայծակի արագությամբ սլացավ դեպի ցած։ Քիմեռը կատաղությունից կտրած մեկ գալարվում, կծկվում էր քարայրի արյունաթաթախ ավազի վրա, մեկ ձգվում, ցցվում էր սյունի պես և կրճտում բաց ռեխը։ Իսկ այդ գարշելու ռեխն էլ այնքան մեծ էր, որ Պեգասն իր տիրոջ հետ միասին, առանց իր երկար թևերը ծալելու, կարող էր ներս թռչել նրա միջով և անցնել կոկորդովը դեպի նրա անհագ, անհատակ որկորը։

Երբ որ նկատեց հրեշը, որ իր թշնամին հարձակվելու վրա է, սկսեց բառանչել և գետաչափ հրահեղեղ վիժել, որով խանձխընձեց Պեգասի քնքուշ թևերը և Բելլերոֆոնի բոլոր ձախ կողմի ոսկեմազ գանգուրները։ Բայց սրանով դեռ չանցավ վտանգը։

Առաջ թույլ տվավ, որ թևավոր ձին իր հեծյալով մի քիչ իրան մոտենա, ու հետո՝ մի հանկարծական ոստյունով ընկավ Պեգասի գավակը և իր բոլոր անճոռնի կազմվածքով