Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/303

Այս էջը հաստատված է

կպավ նրանից ու սկսեց իր ճապուկ ու ջղային պոչը չվանի պես բոլորիշուրջ փաթաթել Պեգասին։ Այս գարշելի բեռով բարձված՝ ձին և ձիավորը թռան դեպի վեր և՛ վեր. նրանց ներքևում պսպղում էին արդեն լեռներն ու ամպերը, բայց նրանք էլի շարունակում էին իրանց թռիչքը։ Օշափը նրանցից չէր գջլվում և ավելի խոր էր գցում իր գարշելի ճիրանները խեղճ Պեգասի մեջքին։ Այս միջոցին Բելլերոֆոնը շրջվեց և իր կուրծքն ու երեսի կեսը վահանով պատսպարելով, աչքն անակնթարթ ձգեց հրեշի աչքը։ Մարդկային աչքի հայացքը կարող չէր տանել Օշափը, նա խփեց աչքերը և առաջի թանթուլները մեկնեց, որ վահանի վրայից բռնե Բելլերոֆոնի գլուխը, բայց՝ բաց արավ իր կուրծքը և Բելլերոֆոնը ներս ցցեց իր սուրը նրա կրծքի մեջ մինչև կոթը։ Հենց որ այս մահացու վերքն ստացավ Օշափը, նրա պոչն արձակվեցավ, և գարշելի հրեշը իր բոլոր թեփամորթ ջանդակով վայր կործանվելով՝ ընկավ մի բարձր ժայռի վրա. նրա փորոտիքից մի նոր կրակ բորբոքվեց և Քիմեռի բոլոր մարմինն սկսեց այրվիլ։ Երկրի վրայից՝ արևի մայր մտնելուց հետո՝ շատ մարդիկ նայեցան և տեսան, որ երկնքից գալարվելով՝ ներքև է թռչում մի գունդուկծիկ եղած ահռելի հրեղեն բան՝ երկար պոչով, շատ վախեցան և կարծեցին, թե մի գուցե մի օդերևույթ կլինի կամ պոչավոր աստղ, բայց մյուս օրը՝ վաղ առավոտյան մի քանի երկրագործ գնացին աշխատելու իրանց ագարակում և այնտեղ սարսափելով տեսան, որ իրանց բոլոր արտերը սև մոխիրով են ծածկվել, իսկ արտերի մեջտեղը ոսկորների մի կույտ կա, մեծությամբ մի ահագին դեզի չափ։ Այդ օրվանից մինչ օրս ոչ մի մարդ այլևս տեսած չէ Օշափին։

Այս փայլուն և փառավոր հաղթանակը տանելուց հետո՝ Բելլերոֆոնը քնքուշ սիրով համբուրեց Պեգասի գլուխը։ Ուրախությունից նրա աչքերը ջրակալեցին։

— Ետ գնանք, սիրելիդ իմ,— ասաց,— գնանք Պիրենայի աղբյուրը։ Շնորհակալ եմ կատարած քաջագործությանդ համար։

Պեգասը՝ օդի մեջ ծածանելով՝ սկսեց թևավարել, և մի քանի րոպե հազիվ անցած՝ նա արդեն մեզ ծանոթ Պիրենայի աղբյուրի ափին էր։ Այնտեղ ամեն ինչ մնացել էր