Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Այս էջը հաստատված է

այսպիսի առաջարկության, մանավանդ ծննդկան մոր համար, բայց որովհետև իրանք աղքատ էին, չգիտեին՝ ինչ անեն, տան թե չտան։ Հավաքվեցին դրացիները և ամեն կողմից սկսեցին համոզել ծնողացը, որ իրանց որդու բախտավորությանը արգելք չլինեն։— Առանց դրան էլ զավակներ շատ ունիք,— ասացին նրանք,— և էլի կունենաք. դուք հազիվ նրանց կարող եք պահել. այդ մեկն էլ տվեք այս պարոնին, թող գնա. հարուստ մարդ կդառնա, ձեզ էլ կհարստացնե։

Սրա վրա ծնողքը հոժարեցան և երեխային մի քանի ոսկով տվին սովդաքարին։

Սովդաքարը տարավ երեխային իր քարվանը և ճանապարհ ընկավ դեպի իր գնալու աշխարհը։ Շատ գնաց թե քիչ, աստված գիտե, երբ որ հասան մի ջրառատ և գեղեցիկ հովիտ, այդտեղ իջան հանգստանալու։

— Սրանից էլ թաքուն տեղ չի լինիլ,— մտածեց սովդաքարը.— հիմա ես սրան թաղել կտամ այս հովտումը, տեսնեմ՝ այնուհետև էլ ինչպե՞ս պետք է խլե ինձանից իմ բախտը։

Կանչեց իր հավատարիմ ծառային և ասաց.— Առ այս երեխային և տար մատաղ արա ինձ համար, միայն սիրտն ու թոքը բեր ինձ։

Սովդաքարը կարծում էր, որ երեխայի սիրտն ու թոքը կվերադարձնեն իր բախտը։

2

Եղանակը ամառնային էր և տարին երաշտ։ Բայց ջրարբի և դալարագեղ հովիտը մի լեռնային տեղ էր և շատ գեղեցիկ ամառանոց խաշնարած ժողովրդի համար։

Սովդաքարի ծառան երբ որ երեխային բոլորովին հեռացրեց քարվանից և անցավ մի բլրակի քամակ, այստեղ տեսավ հոտերով ոչխարներ և սկսեց մտածել ինքն իրան...

— Ո՛չ, անիրա՛վ աղաս, ես քո անգութ հաճույքը կատարել չեմ կարող։

Այսպես մտածեց ծառան, և երեխային մի թփի տակ դնելով՝ նրա պահպանությունը հանձնեց Վերին Նախախնամության։