Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Այս էջը հաստատված է

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՍԻՆ»

«Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ, սիրով կընդունես, որ ոչ մի կասկած չտանե, և սրով կլինի թե հրով, թույնով կլինի թե պարանով, անհապաղ վերջ կտաս դրա կյանքին։ Ես հինգ օրից այդտեղ կլինեմ և դրան չպիտի տեսնեմ կենդանի։

Քո ամուսին»:

Գոհարիկը կարդաց այս նամակը և իր ոչ աչքերին և ոչ ականջին չհավատաց։ Ո՛չ, երևի հայրս ուզեցել է գրել ահա ինչ — և սկսեց գրել հետևյալը.

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՍԻՆ

«Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ, իսկույն իմ Գոհարիկս դրան կտաս և կպսակես, այնպես որ մինչև իմ գալս ամեն ինչ վերջացած լինի։

Քո ամուսին»:

Գոհարիկն այս նամակը գրեց կարծես անգիտակցաբար, առանց իրան որևէ հաշիվ տալու և տարավ գրավ Այծատուրի ծոցումը։ Այս գործողությունը կատարելուց հետո Գոհարիկը սուս ու փուս վեր բարձրացավ, այրեց իր հոր նամակը և որպեսզի Այծատուրին երկար չթողնե արևի տակ, ուրախ֊ուրախ ներս մտնելով մոր սենյակը՝ ասաց.

— Մայրիկ, նայիր, մեր դռանը մի անծանոթ երիտասարդ կա քնած։ Նա ձիով է եկել, իսկ ձին հայրիկինն է. ուրեմն նա մի լրաբեր պետք է լինի։ Հարկավոր է նրան զարթեցնել և վեր կանչել։

Ծառաները ուրիշ տեղ էին գնացել, տանը ոչ ոք չկար, բացի մորից ու աղջկանից։ Մայրը իջավ ներքև և Այծատուրին զարթեցրեց։