Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Այս էջը հաստատված է

խոր հոր փորել և ամբողջ գիշեր կրակ վառեք նրանում. իսկ վաղը առավոտյան,— ասաց,— մի մարդ կուղարկեմ այստեղ. հենց մտնի թե չէ, բռնեցեք և ձգեցեք նույն հորի մեջ և վրան նոր ցախ ածեցեք և այրեցեք։

Սովդաքարն ինչպես ասաց, այգեպաններն էլ այնպես պատրաստեցին։

Երեկոյան ընթրիքի ժամանակ սովդաքարը դառնալով Այծատուրին՝ ասաց.

— Ես թեպետ գրեցի որ պսակն առանց ինձ կատարվի, բայց հիմա տեսնում եմ, որ շատ եմ շտապել։ Այդ նրա համար արի, որ ինձ շատ դյուր եկար։ Ի՞նչ կասեն քաղաքացիք. չե՞ն ասիլ, թե ինչո՞ւ ժլատություն արավ և պսակն առանց հրավերքի կատարեց։ Վաղը պետք է մեծ հրավերք սարքեմ և ես ինքս կտեսնեմ բոլոր պատրաստությունը: Քեզ կխնդրեմ միայն, որ գնաս այգին և այնտեղ թարմ մրգեղենի պատրասաությունը ինքդ տեսնես, չմոռանաս նաև թարմ ծաղիկներից բազմաթիվ փունջեր շինել տալ։

Մյուս օրը Այծատուրը վեր կացավ, պատրաստվեց, որ գնա այգի։ Ճանապարհին, աղոթատան մոտովն անցնելիս, միտն ընկավ, որ օրը կյուրակե է, և ամբողջ ժողովուրդը աղոթքի է կանգնած։— Գնամ, ես էլ կատարեմ իմ աղոթքը, աստծուն փառաբանություն տամ. դեռ վաղ է, չեմ ուշանալ ճաշվա համար հարկավոր եղածը պատրաստել։

Այծատուրը մտավ աղոթատուն և երկար մնաց այնտեղ։

Սովդաքարի սիրտը տրըփում էր անհանգստությունից. նրա համար մի ժամը տարու չափ երկարանում էր։ Մի երկու ժամից հետո շտապեց դեպի այգին, որ տեսնե՝ իր հրամանը կատարվա՞ծ է արդյոք։ Այգին մտավ թե չէ՝ նրան ցիմ֊ցիմ վերցրին այգեպանները և ձգեցին հրաբորբոք հորի մեգ և իսկույն նորանոր ցախ ու փայտ թափեցին մեջը։ Դեռ հորը չընկած՝ շատ աղաղակեց, թե ես ձեր տերն եմ, ձեր աղան եմ, բայց ոչ ոք չլսեց, կարծես ամենքն էլ խլացել ու կուրացել էին։

Այս դեպքից երկու ժամ անցած՝ Այծատուրը գնաց։ Նրան ընդունեցին իբրև իրանց տիրոջը և հայտնեցին, որ նրա