Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/319

Այս էջը հաստատված է

Թագավորի աղախինները եկան փառավոր հագուստով և տեսան ի՞նչ... մի սև, այլանդակ բոշա աղջիկ։— Դո՞ւ ես,— ասացին,— Եղեգնուհին։— Այո՛, պատասխանեց աղջիկը:— Հա բա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։— Գիտե՞ք,— ասաց բոշան,— դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի. եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ, մնաց զարմացած։— Սա իմ տեսած աղջիկը չէ, ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ, ետ քաշվեց գգվանքով։— Սա չէ,— ասաց,— իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը. նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։— Լավ,— ասացին, և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում. նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

3

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա. ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանամ ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.— Ուռկաններդ ձգեցեք ահա այսինչ տեղը. ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա, իմս է:

Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն, ինքն