Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Այս էջը սրբագրված է

սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե ո՞վ է նա։

— Իմ ով լինելը մի՛ հարցնիր. ժամանակ կգա կիմանաս. իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի՛ էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս. իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

5

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը. տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

— Ա՛յ պառավ,— ասաց թագավորի որդին,— ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնեք և ասաց, թե այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա է անում այս ամենը։

Թագավորի որդին ասաց.— Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց. — Շատ լավ, բայց թույլ տուր, առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։ Տղան ասաց.— Շատ լավ, բայց չուշացնես։ Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.— Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի վախենար ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։ Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։ Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՞նչ գեղեցկություն, ի՞նչ շարժմունք, ի՞նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի