Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/331

Այս էջը սրբագրված է

— Ահա այս մեկն ես ցնկնել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր գազանությունից. — Գնա, — ասաց,— կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ:

5

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։

Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։ Թաթուխը նրանց, մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ, նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին և իր հորն ու մորն ասաց.— Նայեցեք այս կաթին. երբ որ տեսնեք՝ գույնը փոխվել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին և Զրանգին նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։

Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարան։ Ի՞նչ ծննդարան... էլ ոչ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար. Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին ուներ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը: Մտավ ներս, և, ո՜վ հրաշք, տեսավ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին, ասելով.

—Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ