Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/334

Այս էջը սրբագրված է

տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկան ճամփա.

Շատ գնացին թե քիչ, սրանք հանդիպեցին մի քարվանի: Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները, շատ հավանեց ասաց մտքում.— Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան։

Հետո դառնալով Թաթուխին' ասաց,

 —	Ա՛յ տղա, եկ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես, իմ քարվանից վերցրու իրանց բեռներով։
 —	Բոլոր քարվանդ էլ որ տաս, էլի չեմ տա,— ասաց Թաթուխը։
 —	Ուրեմն դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարվանով։
 —	Կարծեմ որ այդպես է,— պատասխանեց Թաթուխը — Քո ահագին քարվանը քո կյանքը շի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան, առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն. իսկ իմ կլանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարվանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ։

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարվանի տերն ասաց.

 —	Որովհետև շներդ ինձ չես տալիս ոչ մի գնով, եկ քեզ մեկ հեշտ բան կասեմ, եթե իմանաս, իմ քարվանը քեզ իսկ եթե ոչ' քո շներն ինձ։

Թաթուխն ասաց.— Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ' ի՞նչպիտի ասես։

 —	Ահա՛ տես իմ այս ձեռիս գավազանը. եթե իմանաս, թե սա ինչի՞ է, իմ քարվանը քեզ, իսկ եթե չիմանաս, քո շներն ինձ։
 —	Շատ բարի,— ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով — հոնի է, զկռի է, սզնի է, թոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է... և այսպես շատ ծառի անուն տվավ, մինչև որ բոլոր

գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր։