Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

ԱՍԼԱՆ-ԲԱԼԱ

1

Եղել է չի եղել մի թագավոր։ Մեկ օր այս թագավորի որսորդներից մեկը գալիս է իր մոտ և ասում.

— Թագավորն ապրած կենա, ես էսօր մի զարմանալի բան տեսա մեր որսորդության անտառում։ Մի էգ ասլան տեսա և նրա հետ մի մանուկ յոթը կամ ութ տարեկանի չափ։ Մանուկն ու ասլանը խաղում էին իրար հետ, ինչպես մայր ու որդի։ Մեկ ուզեցի նետ ձգել, ասլանին սպանել, բայց մեկ էլ վախեցի, ասացի՝ վա՛յ թե մանուկին դիպչի կամ ասլանը վիրավորվի ու հարձակվի վրաս, սրա համար սուսուփուս ետ փախա։

Այս որ լսեց թագավորը, շատ զարմացավ և հրամայեց, որ մի քանի հազար մարդով գնան շրջապատեն անտառը, ասլանին սպանեն կամ փախցնեն, իսկ երեխային ողջ֊ողջ բռնեն բերեն։

Թագավորի հրամանը կատարվեց։ Երեխային բռնեցին և բերին։ Մի կայտառ և սիրուն տղա էր. աչքերը խոշոր, ճակատը լայն, գանգուր մազերը առյուծի ճանկերով սանրված ու փռված ուսերի վրա, մեջքը բարակ, կուրծքն ու թիկունքը լայն։

Տասը հոգով հազիվ էին կարողացել բռնել և կապոտել, բայց շատերին ճանկռտել էր սուր֊սուր եղունգներով։ Խեղճը