Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

մերկ էր և համր, խոսել չգիտեր, այլ մռնչում էր առյուծի պես, չգիտեր, որ ինքը մարդ է և ոչ առյուծ։ Տեսան որ արձակ պահելու հնար չկա, նրան կապեցին երկաթե շղթայով և սկսեցին քիչ—քիչ ձեռնասովոր անել և ընտելացնել։ Նրան անվանում էին Ասլան֊Բալա, այսինքն առյուծի ձագ, բայց թագավորի որդին, Վուրգը, որ շատ սիրեց նրան հենց առաջին օրից, նրա անունը դրավ Արսեն: Վուրգն էր պահում Արսենին, նրան հաց ու ջուր տալիս և ամեն տեսակ համադամ կերակուրներ, որ նա ուտում էր յոթը մարդու չափ։ Վուրգը հայելու մեջ Արսենին ցույց տվավ նրա պատկերը, որ նա տեսնե, թե ինքը մարդ է և ոչ առյուծ: Եվ ճշմարիտ որ նա առյուծի ծնունդ չէր, այլ մարդու։ Ձագը կորցրած մի առյուծ պատահմամբ գտնում է մորը կորցրած մի ծծկեր երեխայի և տանում է ծիծ տալիս, պահում։

Արսենը մի քանի օրվա մեջ շատ մեղմացավ և այնքան սիրեց Վուրգին, որ բոլորովին անձնատուր եղավ նրան Վուրգն էլ արձակեց նրան կապանքներից, լողացրեց, գլուխը սանդրեց, երկար ու սուր-սուր եղունգները երբ կտրատեց, իր հագուստի նման հագուստ հագցրեց և սովորեցրեց նրան խոսել, երգել, խաղալ և բոլոր այն բաները, ինչ որ ինքը գիտեր: Երեք ամիս չանցած՝ Արսենի վրա ոչ մի վայրենության նշան չմնաց, այլև երևաց, որ նա շատ շնորհալի է և իմաստուն: Նրա լսողությունը, տեսությունը, հոտառությունը տասնապատիկ, քսանապատիկ ավելի էին զարգացած, քան թե սովորական մանուկներինը։ Նրա լեզուն այնքան ճարտար չէր ինչքան սիրտը, որ լուռ ու մունջ հայտնում էր նրան, թե ինչն է լավ և ինչը վատ, ինչն է չար և ինչն է բարի։ Սրտի իմացությունը, այն, որ ասում են «սիրտս ասում է, սիրտս չի տալիս, սիրտս իմացավ, սիրտս քաշեց», ահա այս սրտի իմացությունը, որ ուսումնական մարդիկն անվանում են բնազդ (բնազդումն-բնազդեցություն) — Արսենի մեջ չափից դուրս զարգացած էր և նա շատ բան իմանում էր, առանց նրա փորձն առնելու։

Ինչքան որ Վուրգը Արսենին կրթեց, բան սովորեցրեց, մի այնքան էլ ինքը նրանից սովորեց։ Վուրգը կրթեց Արսենի լեզուն, միտքը, Արսենն էլ կրթեց Վուրգի մարմինն ու սիրտը: