Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/338

Այս էջը սրբագրված է

Արսենը սիրում էր խաղալ, վազել, սիրում էր սար, ձոր, անտառ, տունը նրա համար մի տեսակ բանտ էր թվում, նա իր հետ քաշում, տանում էր և Վուրգին և զանազան մարզություններով կազդուրում էր նրա քնքուշ կազմվածքը։ Այսպիսով՝ ինչքան որ Արսենը փոխվեցավ վայրենությունից քաղաքավարի մարդ դառնալով, մի այնքան էլ Վուրգը փոխվեցավ՝ ընկնելով բնության ծոցը. նա ուժեղացավ, ճարպիկացավ, առաջվան վախկոտությունը մոռացավ, անվեհեր սիրտ ստացավ և քաջություն։ Այսպես Վուրգն ու Արսենը միմյանց կրթելով եղան ինչպես մի հոգի և մի մարմին, մինչև դառան տասնյոթ-տասնութ տարեկան։

2

Մեկ անգամ զբոսնելու էին դուրս եկել գետափը։ Աղջկերքը կժերով ջուր էին տանում գետիցը։ Նրանց մեջ կար և մի պառավ՝ նիհար ու կնճռոտ դեմքով։ Վուրգի մոտով անցնելիս պառավը խեթ աչքով նայեց Վուրգի վրա։ Վուրգին դյուր չելավ պառավի այս խոժոռ հայացքը։

— Այս պառավի կուժը պիտի կոտրեմ,— ասաց Վուրգն երսենին, և դեռ ընկերոջ պատասխանը չառած՝ մի քար նետեց պառավի հետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին։

Թրջված պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թագավորի որդին էր այդ չարությունը անողը, ասաց. — Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ. Անտես֊Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջիս, որ սիրտս հովանա:

3

Պառավի անեծքը սիրո հրեշտակի նետի պես ցցվեց Վուրգի սրտումը։ Վուրգն սկսեց տխրել, նիհարել։ Նա, որ Արսենից ջոկվելու սովորություն չուներ, միայնակ էր ընկնում սար ու ձոր և առանձնության մեջ ողբում, լաց լինում, Անտեսում 138